
Դատախազությունը հայտնել է, որ «Արարատցեմենտ» ընկերության սեփականությունը հանդիսացող «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացի ուսումնասիրության ընթացքում ևս արձանագրվել են մի շարք խախտումներ:
Մասնավորապես, Կառավարության ղեկավարը 2003 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարին թույլատրել է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող՝ 44 միլիոն 390 հազար դրամ արժեքով «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիան (առողջարանը) վաճառել մրցութային կարգով՝ որպես նվազագույն գին սահմանելով 6 միլիոն 500 հազար դրամ:
Հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը։ 2003 թվականի օգոստոսի 15-ին կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է պայմանագրի կնքման պահից երկու տարվա ընթացքում իրականացնել 30 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, ինչպես նաև նույն ժամկետում ստեղծել 30 աշխատատեղ։
Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ ընկերությունը հետագայում ներկայացրել է բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնցով հայտնել է, թե կատարել է նշված պարտավորությունները։
Այնուհետև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը չի ստուգել պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման փաստը, դրանք համարել է կատարված, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է 44 միլիոն 390 հազար դրամի գույքային վնաս։
ՀՀ կադաստրի կոմիտեի իրավասու պաշտոնյան, որպես գրանցման հիմք ընդունելով ոչ վերաբերելի որոշումներ, 2004 թվականի հունիսի 10-ին «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքն է գրանցել 1468․70 քմ մակերեսով առողջարանի շենքի և շինությունների նկատմամբ, իսկ դրանցով ծանրաբեռնված 3․165 հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը։
Պետական շահերի պաշտպանության լիազորությունների իրականացման ընթացքում առերևույթ հանցանքի հատկանիշներ հայտնաբերելով՝ դատախազը 2026 թվականի հունիսի 15-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։
Միաժամանակ, օտարման գործընթացում արձանագրված խախտումների հիմքով Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ Արարատ քաղաքում գտնվող «Ոսկե բանալի» առողջարանի նկատմամբ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու պահանջով։
Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերությանմասնավորեցմանև «Արարատցեմենտ» ընկերությանհողամասերի ձեռքբերմանգործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ: Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:
«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են: