
2028-ի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս:
Նախարարի խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը դարձել է անշրջելի գործընթաց և առաջիկա տարիներին շարունակելու է աստիճանաբար ընդլայնվել, հայտնում է Արմենպրեսը:
«Առողջության համընդհանուր ապահովագրությունը անշրջելի իրողություն է, և այն հաջորդիվ ընդլայնվելու է։ 2027 թվականին համակարգին միանալու են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայության մեջ ընդգրկված վարորդները»,- ասել է Ավանեսյանը։
Նրա ներկայացմամբ՝ 2028 թվականին կավարտվի համակարգին միացող բոլոր խմբերի ընդգրկման գործընթացը, և հունվարի 1-ից ապահովագրությունը կգործի բոլոր քաղաքացիների համար։
«Առողջության համընդհանուր ապահովագրությունը ընդգրկելու է բոլորին, բայց ոչ ամեն ինչ, այլ այն անհրաժեշտ ու առաջնային ծառայությունների փաթեթը, որոնք նպատակաուղղված են մեր ժողովրդի առաջնային հանրային առողջապահական հարցերը լուծելուն»,- նշել է նախարարը։
Նախարարի խոսքով՝ պետությունը շարունակելու է ընդլայնել պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները՝ հաշվի առնելով առկա կարիքներն ու պետության պարտավորությունները։
«Մեր քաղաքականությունն այն է, որ պետական պատվերի շրջանակներում, որքան կլինի մեր քաղաքացիների կարիքը և պետության պարտավորությունը՝ այդ կարիքը բավարարելու, պետությունը շարունակաբար ընդլայնելու է։ Մենք այդ քաղաքականությունը տանում ենք»,- ասել է առողջապահության նախարարը։
Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։