
Ազգային ժողովում առաջիկայում նախատեսվող արտահերթ նիստերից մեկի ընթացքում քննարկվելու է ընտրական ցենզի սահմանման նախաձեռնությունը, որը վերաբերում է ընտրողի Հայաստանում բնակվելու ժամկետին։ Այդ մասին հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ տեղեկացնելով, որ նախագիծն արդեն շրջանառվում է։
«Ազգային ժողովի արտահերթ նիստեր կլինեն տարբեր օրակարգերով։ Դրանցից մեկը կլինի ընտրական ցենզի սահմանումը, այն է՝ ՀՀ քաղաքացին պետք է վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում, որպեսզի իրավունք ունենա մասնակցելու ընտրություններին, որոշելու մեր պետության ճակատագիրը»,-ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»:
Նա հավելել է, որ այն քաղաքացին պետք է ձևավորի պետության ապագան, որի շահերի կենտրոնը գտնվում է ՀՀ-ում։
«Քաղաքացին, որի շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունը չէ, որը չի ապրում Հայաստանում տևական ժամանակ և այդ ընտրության հետևանքն ինքն իր մաշկի վրա չի զգալու, ՀՀ-ում ապրողներն իրենց տեսանկյունից ասում են՝ ինչքանով է դա արդար։ Եվ դրա օրինակները եղան ընտրության ժամանակ, որ ասում էին՝ եկել ենք ընտրենք, գնանք, ինչ կլինի մեզ չի հետաքրքրում։ Եվ այս հարցը մեր առաջ դրել են քաղաքացիները»,- ընդգծել է Կոնջորյանը։
Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:
ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։