
Ուկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը: 1 բեռնատարով Ուկրաինա է արտահանվել 9500 ծաղիկ, առաջիկայում էլ Ուկրաինա կհասնի հայկական ծաղիկներով բեռնված երկրորդ բեռնատարը` mոտավորապես նույն քանակի ծաղիկներով:
Կիևում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը տեղեկացրել է, որ հայկական ծաղիկների ներմուծողը Ուկրաինայում բնակվող հայ գործարար է, հայտնում է Արմենպրեսը:
Մարատ Հակոբյանի տեղեկություններով՝ հայկական ծաղիկների՝ Ուկրաինա հասած առաջին խմբաքանակը գրեթե իրացվել է, իսկ երկրորդ բեռնատարն առաջիկա օրերին արդեն կլինի Ուկրաինայում։
Նա նաև նշել է, որ սոցցանցերում արդեն իսկ տեսանյութեր են տարածվում, որոնցում ծաղկի խանութների սեփականատերերը ցուցադրում են իրենց ստացած հայկական ծաղիկները և հայտնում դրանց վաճառքը սկսելու մասին։
Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման արգելքի ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները։ Հայաստանն արդեն արտահանել է ծաղիկների մեկ խմբաքանակ՝ 5500 ծաղիկ Լատվիա:
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը հունիսի 7-ին հայտարարել էր, որ ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացել է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար՝ նրանց կապելով Եվրոպայում և Եվրոպայից դուրս գտնվող գնորդների հետ։
Նիդեռլանդների ԱԳ նախարարը գրել է, որ իր երկիրն աջակցում է Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված աջակցության փաթեթին, որի մասին հունիսի 4-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք ուսումնասիրել ենք, թե գործնականում ինչպես կարող ենք աջակցել տուժած ոլորտներին, ինչպիսին է հայկական ծաղիկների արտադրությունը։ Արդյունքում, Royal Flora Holland-ն (խմբ. Royal Flora Holland-ը միջազգային ամենամեծ ծաղկաբուծության շուկան է) այժմ բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար՝ նրանց կապելով Եվրոպայի և դրանից դուրս գտնվող գնորդների հետ»,- գրել էր նա:
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») որոշում է ընդունել մայիսի 22-ից ժամանակավորապես դադարեցնել Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Նշվել էր, որ սահմանափակումները գործելու են մինչև հայաստանյան ջերմոցային տնտեսությունների ստուգումների ավարտը և ստացված տվյալների ամփոփիչ վերլուծության իրականացումը։
Ռուսական կողմը այդ որոշումը հիմնավորել էր սեփական բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը պնդել էր, թե հայկական ծաղկային խմբաքանակներում իբր հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքի համար կարանտինային համարվող վնասատուներ ու օբյեկտներ։