
Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես պայմանավորվել են և արդեն ստեղծել են աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն այն տեխնիկական պարամետրերը, որոնք անհրաժեշտ են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման համար, ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր տեղ են զբաղեցնում ուղիղ առևտրի հնարավորություններն ու երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքները, հայտնում է Radar Armenia-ն:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցում կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուրը՝ ընդգծելով, որ մինչ այդ երկու երկրների միջև մաքսային առումով ուղիղ առևտուր իրականացնել հնարավոր չէր։
«Եթե մարդ Հայաստանից Թուրքիա ինչ-որ բան էր արտահանում, այդ ապրանքները գնում էին Վրաստան՝ անցնելով մաքսային ընթացակարգերով, իսկ այժմ, տեսականորեն, ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում ուղիղ նշվում է վերջնակետը»,- ասել է ԱԺ փոխնախագահը։
Նա նշել է, որ Հայաստանի համար կարևոր նշանակություն է ստացել Կարս-Ախալքալաք երկաթգիծը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում ընդգծել էին Ախալքալաք–Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։