
Փամբակ գետն ընկած 7 և 13 տարեկան երեխաների դեպքով իրավապահ մարմինները քրեական վարույթ են նախաձեռնել: Այդ մասին հայտնել են ՔԿ-ից, տեղեկացնում է 1lurer.am-ը:
Հունիսի 16-ի վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվել են։ Ներգրավվել են փրկարար ծառայության 115 և ոստիկանության 86 ծառայողներ, ինչպես նաև կամավորներ, ջրասուզակներ ու անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։
Նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։
Վանաձորում շարունակվող որոնողական աշխատանքների ընթացքում տեղի բնակիչները պատմել են դեպքի վերաբերյալ իրենց հայտնի դարձած հանգամանքները՝ նշելով, որ «խողովակի վրայով անցնելից փոքր քույրը ընկել է գետը, մյուսը փորձել է օգնել, ինքն էլ է ընկել», հայտնում է News.am-ը:
«Դաժան դեպք է եղել, բայց մեր՝ վանաձորցիներիս խելքից, այդ խողովակն ինչ գործ ունի այդտեղ, որ երեխաներն էլ ընկնեն ջուրը», ասել է Վանաձորի բնակիչներից մեկը:
Վանաձորի բնակիչը նաև նշել է, որ ընտանիքի ավագ՝ 15-ամյա երեխան իր որդու դասընկերն է։
«Խելոք, աշխատող, շնորհքով ընտանիք է, Ղարաբաղից են եկել։ Երկրորդ սարսափելի հարվածը ստացան. Ղարաբաղում կորցրեցին տունը, Հայաստանում էլ երեխաներին»,-ասել է նա:
Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։