16 հունիսի 2026 - 16:24 AMT
Փաշինյան․ Քրեաoլիգարխիկ ռեժիմն արմատախիլ անելու պրոցեսներն ուղեկցվել են այդ թվում արտաքին ազդեցություններով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ՀՀ-ում «քրեաoլիգարխիկ ռեժիմն արմատախիլ անելու պրոցեսներն ուղեկցվել են այդ թվում արտաքին ազդեցություններով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով», հայտնում է Panorama.am-ը:

«Դրանք նաև Հայաստանի անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ։ Այո, եղել են իրավիճակներ, չեմ ուզում այլևս թաքցնել, երբ որ մենք հասել ենք մի գծի, երբ որ հասկացել ենք, որ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհուպ գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար անվտանգության սրված սպառնալիքների տեսքով։ Սա մի բան է, որը պարտավոր եմ ասել և արձանագրել։

Նախորդող շրջանում չի եղել մի րոպե, երբ որ կոմպրոմիս ունենանք քրեաօլիգարխիկ համակարգի հետ։ Եղել են իրավիճակներ, երբ որ մեզ կրկնակի, եռակի շրջահայացություն է հարկավոր եղել, ընդհուպ դանդաղկոտություն, որպեսզի մենք արտաքին այնպիսի ազդեցություններ չսադրeնք, որոնք Հայաստանի համար բերելու են այնպիսի ազդեցություններ, ինչպիսին ունեցանք 2022 թվականի օգոստոս-սեպտեմբերին։

Հիմա պատասխանտու կերպով ասում եմ՝ այդ բոլոր ռիսկերը հաղթահարված են, կառավարված են, այլևս գոյություն չունեն այդ ռիսկերը, հետևաբար Հայաստանի կառավարությանը, քաղաքական մեծամասնությանը, ժողովրդին ոչինչ չի խանգարում կենտրոնանալ Հայաստանի քրեական օլիգարխիան, ներառյալ ընտրակաշառք բաժանող ուժերին արմատախիլ անելու գործընթացին։Այդ գործընթացն արդեն իսկ սկսված է, որևէ ձևով չի կարող կասեցվել, այդ գործընթացը գնալու է մինչև վերջ»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ, ըստ էության, խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում, «կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է»:

Նա նշել է, որ Հայաստանի լեգիտիմ իրավունքն է այդ պրոցեսներն ու շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։