
Նոր գումարման ԱԺ-ում ձևավորվող ընդդիմությունը «կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է», հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում:
Նա նշել է, որ Հայաստանի լեգիտիմ իրավունքն է այդ պրոցեսներն ու շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից, հայտնում է Panorama.am-ը:
Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը նոր մարտահրավերների է բախվել, և առաջիկա քաղաքական օրակարգի կարևոր մաս պետք է լինի դրանց հակազդելը, գրում է Radar Armenia-ն:
«Այսօր արդեն պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող ու այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս՝ ՀՀ-ում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու։
Մենք պետք է հստակ արձանագրենք, որ խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է, անգամ՝ չի կարելի ասել քաղաքական միավոր, և ՀՀ-ի լեգիտիմ իրավունքն է այդ պրոցեսներն ու շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից։ Հետևաբար, ՀՀ-ն պետք է ձեռնարկի միջոցներ»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ մինչ օրս այս հարցերը չեն լուծվել, քանի որ «խաղաղության բացակայության միջավայրում նման հարցերի լուծումն էականորեն դժվարանում է»։
Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:
ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։