16 հունիսի 2026 - 16:57 AMT
ԿԲ նախագահը գնահատել է ռուսական շուկայի կորստի հնարավոր հետևանքները

Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ–ի գնահատմամբ՝ գնանկումային ազդեցությունը կարող է լինել մինչև 0.6 տոկոս, հայտնում է Sputnik Արմենիան:

«Այսինքն՝ այդ ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկն ավելանալու է։ Բանջարեղեն, հանքային, գազավորված ջրեր, ալկոհոլային խմիչքների որոշակի մաս, կորիզավորներ՝ այստեղ որոշակի զգայունություն ունենք, ու կարող է՝ գնանկումային երևույթներ ունենանք»,- նշել է Գալստյանը։

Նրա խոսքով՝ եթե հաջողվի ռուսական շուկային փոխարինող այլ շուկաներ գտնել և արտահանման ծավալները չտուժեն, ապա այդ ազդեցությունները կլինեն ավելի սահմանափակ։

Գալստյանը նաև նշել է, որ արտահանման նվազման պայմաններում առկա է դեֆլյացիայի ռիսկ, երբ առաջարկը մեծ է մնում ցածր պահանջարկի պայմաններում։

«Եթե արտահանումն էական նվազում ունենա, ու մենք վճարային հաշվեկշռի այլ կոմպոնենտներով չչեզոքացնենք այն ներհոսքի տեսքով, դա կարող է ազդեցություն ունենալ դրամ-դոլար կամ դրամ-ռուբլի փոխարժեքի վրա»,- նշել է ԿԲ նախագահը։

Անդրադառնալով այն հարցին, թե ֆերմերների վարկային պարտավորությունները հաշվի առնելով՝ հնարավոր է արդյոք առևտրային բանկերի հետ քննարկվի այդ պարտավորությունների համար որոշակի արտոնյալ ժամանակահատված սահմանելու հարցը, Գալստյանը նշել է, որ առայժմ բանկերի հետ նման քննարկումներ չեն իրականացվել, սակայն այդ տարբերակը դիտարկվում է կառավարության գործընկերների հետ։

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից սահմանափակել է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Նշվել է, որ սահմանափակումը գործելու է մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ մեխանիզմի մշակումը։

Դրանից առաջ «Ռոսսելխոզնադզորը»սահմանափակել էր նաև Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծումը։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ՍԱՏՄ-ն որոշ տնտեսավարողների թույլ չի տվել ելակ արտահանել Ռուսաստան։ Մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել։ Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, իսկ հուլիսի 3-ից սահմանափակվելու է խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։