16 հունիսի 2026 - 17:04 AMT
ՍԱՏՄ-ն կոչ է արել խստորեն վերահսկել մանկապարտեզներում սննդի կազմակերպումը

Մանկապարտեզներում սննդի կազմակերպումը պետք է իրականացվի գործող սանիտարահիգիենիկ և սննդային անվտանգության նորմերին լիարժեք համապատասխան, հայտնում է Սննդամթերիք անվտանգության տեսչական մարմինը:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը պետք է իրականացվի ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվի, ինչպես նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։

ՍԱՏՄ-ն հայտնել է, որ երեխաների անվտանգ և առողջ սնուցումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է՝

ապահովել տարիքային խմբերին համապատասխան հավասարակշռված և բազմազան սննդակարգ,

կազմել և կիրառել սահմանված պահանջներին համապատասխան ճաշացանկ,

օգտագործել միայն անվտանգ, մակնշված, ծագումն ու համապատասխանությունը հավաստող փաստաթղթերով ուղեկցվող սննդամթերք,

պահպանել սննդամթերքի ընդունման, պահպանման, պատրաստման և մատուցման համար սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները,

ապահովել սննդամթերքի հետագծելիությունը և համապատասխան փաստաթղթերի վարումը,

պահպանել սառնարանային և ջերմային ռեժիմները,

ապահովել սննդաբլոկի, պահեստների, սարքավորումների և գույքի պատշաճ սանիտարական վիճակը,

ապահովել աշխատակիցների կողմից անձնական հիգիենայի կանոնների պահպանումը։

«Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերքի պատրաստման գործընթացներում պետք է ներդրված և կիրառելի լինեն Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը, որոնք ներառում են սննդի պատրաստման գործընթացների անվտանգության գնահատումը, աղտոտման ռիսկերի կանխարգելումը, վերահսկելի փուլերի սահմանումը, մշտադիտարկումը, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի նկատմամբ հսկողությունը, արտադրական հսկողության արդյունքների գրանցումը, ինչպես նաև մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը։

ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանով հաստատված հանրային առողջապահական նորմատիվի պահանջներին համապատասխան՝ սննդի պատրաստման համար օգտագործվող միսը պետք է լինի սպանդանոցային ծագման (թիվ 5 վկայական), իսկ նախադպրոցական ուսումնական հաստատություններ մատակարարվի բացառապես պաղեցված վիճակում՝ ապահովելով տեղափոխման և պահպանման ամբողջ ընթացքում ջերմաստիճանային շղթայի խիստ պահպանումը։

Նշված պահանջը պարտադիր է նաև մատակարարների հետ կնքվող պայմանագրերում ամրագրելու համար՝ ներառելով մսի պաղեցված մատակարարման, հետագծելիության, համապատասխանության և անվտանգության վերաբերյալ ուղեկցող փաստաթղթերի ներկայացման պայմանները։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին և պատասխանատու անձանց պարբերաբար վերանայել սննդի կազմակերպման գործընթացները և ապահովել գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը։