
Հասարակական տրանսպորտում վարչարարություն իրականացնող տեսուչների հետ միջադեպի առնչությամբ ոստիկանությունը վարույթին առնչվող գործողություններ է իրականացրել և ձերբակալել 55-ամյա կնոջ:
Հունիսի 13-ին՝ ժամը 17։30-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակից մի կին։ Նա հայտնել է, որ որպես հսկիչ ծառայություն իրականացնելիս Այվազովսկու փողոցում կանգնած հանրային տրանսպորտում երեք անձ հրմշտել են իրեն և գործընկերուհուն, հարվածել ու հայհոյել, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Դեպքի վայր է մեկնել Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբ։
Պարզվել է, որ ահազանգած տեսուչը և նրա գործընկերուհին, վարչարարություն իրականացնելու նպատակով, փորձել են նույնականացնել տոմս չունեցող ուղևորներին, սակայն ուղևորներից մեկը՝ Մասիս քաղաքի 55-ամյա բնակչուհին, հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ և փորձել հարվածել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։
Մեկ այլ ուղևոր՝ Երևանի 51-ամյա բնակիչ տղամարդ, հրմշտել և քաշքշել է տեսուչներին ու պահանջել շարունակել երթուղին։
Համայնքային ոստիկանության ծառայողները ձերբակալել են 55-ամյա կնոջը։ Կազմված փաստաթղթերի հետ նա ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։