
Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցությունների ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում:
«Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Խաղաղության գործընթացը, որն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սա տարածաշրջանում խաղաղության համար շատ կարևոր գործոն է»,-ասել է Ֆիդանը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։