16 հունիսի 2026 - 18:17 AMT
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում է սահմանել «ծնողական ժամ» եզրույթը

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվել է ամրագրել «ծնողական ժամ» եզրույթը, որը ծնողներին հնարավորություն կտա օրվա ընթացքում որոշակի ժամանակով բացակայել աշխատանքից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի խոսքով՝ «ծնողական ժամը» ներառվելու է աշխատաժամանակում, և այդ ընթացքում պահպանվելու են աշխատողի աշխատատեղն ու հիմնական աշխատավարձը։

Մինչև երկու երեխա ունեցող ծնողին նախատեսվում է տրամադրել օրական առավելագույնը կես ժամ, երեք և ավելի երեխա ունեցող ծնողին՝ 1 ժամ, իսկ մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող երեխայի ծնողին, անկախ երեխաների թվից, օրական առավելագույնը 1 ժամ բացակայելու հնարավորություն, հայտնում է Factor.am-ը:

Նախաձեռնությամբ նախատեսվել է, որ տարբեր կամ միևնույն գործատուի մոտ աշխատող երկու ծնողներն էլ կարող են օգտվել ծնողական ժամից։