16 հունիսի 2026 - 18:28 AMT
ՆԳՆ-ն առաջարկում է ընդլայնել տեսակապի կիրառումը դատական գործընթացներում

Դատավարությունները կարող են իրականացվել նաև տեսակապով։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում ներկայացված օրենսդրական նախաձեռնության ընթացքում հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ առաջարկվում է ներդնել տեսակապի ինստիտուտը ոչ միայն դատավարության փուլում, այլև ՔԿՀ-ներում՝ պատիժների կատարման փուլում։

«Տեսակապի կիրառումը կարող է նախատեսվել ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի սեփական նախաձեռնությամբ։ Սրա համար պետք է լինեն համապատասխան հիմքեր, իրավաչափ պայմաններ, օրինակ, եթե դա անհրաժեշտ է հասարակական կարգի, առողջության, վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման համար»,- նշել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է լինելու։ Նախատեսվում է, որ պաշտպանը տեսակապի միջոցով մասնակցելու է դատական նիստին մեղադրյալի գտնվելու վայրից, բացառությամբ այն դեպքերի, երբ պաշտպանն ու պաշտպանյալը համաձայնեն հրաժարվել այդ իրավունքից և միջնորդեն, որպեսզի պաշտպանը մասնակցի դատական նիստերի դահլիճից։

Նախարարը նաև ընդգծել է, որ ներկայում զգալի ռեսուրսներ են ծախսվում դատապարտյալներին դատարան տեղափոխելու համար, ուստի տեսակապի կիրառման հնարավորությունը նախատեսվում է նաև նման իրավիճակներում։