17 հունիսի 2026 - 10:23 AMT
ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 17-ին՝ ժամը 15:00-ին, կքննի ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի ներկայացրած միջնորդությունը։

Դատախազը դիմել է ԿԸՀ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համաձայնություն ստանալու նպատակով։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել է, որ ԿԸՀ հասցեագրված դիմումը երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած, իր բնորոշմամբ, «ապօրինի գործողությունների շարունակությունն է»:

Նա նշել է, որ երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ:

«ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա. կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին: Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին:

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել:

Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել»,-գրել է նա:

Հունիսի 14-ին հայտնի դարձել, որ օդանավակայանում Քոչարյանին տեղեկացրել են, որ Հայաստանից նրա ելքն արգելված է։ Քոչարյանի գրասենյակը նախապես հայտնել էր, որ Քոչարյանը եռօրյա այցով մեկնելու է արտերկիր։