
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ոչ միայն խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այլև այն քաղաքական, իրավական և հասարակական միջավայրը, որի պայմաններում դրանք ձևավորվել են։
Ըստ կուսակցության՝ նաև տեղեկատվական և արտաքին գործոնները կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։
«Ընտրությունը հանրային իշխանության ձևավորման սահմանադրական գործընթաց է, որի իրական արժեքը պայմանավորված է ընտրողի կամքի ազատությամբ, քաղաքական ուժերի հավասար մրցակցությամբ, գործընթացի օրինականությամբ և դրա նկատմամբ հանրային վստահությամբ։
Երբ ընտրական գործընթացի վրա ազդում են անհավասար պայմանները, կազմակերպված ճնշումները, խեղված մրցակցային միջավայրը, ֆինանսական ու վարչական անհամաչափ ազդեցությունները, տեղեկատվական հարձակումները և օտար ազդեցության գործոնները, հարցականի տակ է դրվում ոչ միայն որևէ քաղաքական ուժի օգտին արձանագրված արդյունքը, այլև ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։
Մեր նպատակը ՀՀ-ում ընտրական իրավունքի, ժողովրդավարության, քաղաքական մրցակցության և հանրային իշխանության ձևավորման սահմանադրական հիմքերի պաշտպանությունն է։ Հայաստանի քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր ձայնը ձևավորվում է ազատ միջավայրում, քաղաքական ուժերը մրցակցում են օրենքի, ոչ թե ուժի, փողի, վարչական առավելության կամ օտար ազդեցությունների անհավասար պայմաններում։
Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի Հայաստանում ընտրությունները չլինեն թվերի ձևական արձանագրում, այլ լինեն ազատ կամքի, հավասար մրցակցության և հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմության իրական երաշխիք»,-ասվում է հայտարարության մեջ:
Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:
ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։