17 հունիսի 2026 - 10:35 AMT
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը

Փամբակ գետում, ենթադրյալ միջադեպի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Փրկարարները նրան հայտնաբերել են հունիսի 17-ին՝ ժամը մոտ 9։30-ին, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ էր ստացել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Ավելի ուշ՝ ժամը 17։05-ին, ստացվել էր ևս մեկ ահազանգ, ըստ որի՝ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Դեպքի վայրում որոնողական աշխատանքները համակարգել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։ Գործողություններին ներգրավվել են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ, կամավորներ, ջրասուզակներ ու անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև կիրառվել են նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։

Փրկարարներն ու ներգրավված ուժերը շարունակում են որոնողական աշխատանքները: