17 հունիսի 2026 - 11:00 AMT
Բաքվի դատարանում շարունակվում է Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների քննությունը

Հունիսի 16-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է շինծու գորժերով դատապարտված Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը։

Խոսքը վերաբերվել է այն գործին, որով Բաքվի զինվորական դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել՝ ցմահ կամ մինչև 20 տարվա ազատազրկման, հայտնում է APA-ն:

Դատական նիստն անցկացվել է դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ, դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի մասնակցությամբ։ Պահեստային դատավորը եղել է Ալի Մամեդովը։

Նշվում է, որ վերաքննիչ վարույթում ընդգրկված յուրաքանչյուր անձի տրամադրվել են թարգմանիչներ՝ իրենց հայտնի հայերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև պաշտպաններ՝ պաշտպանության իրավունքի ապահովման նպատակով։

Նախագահող դատավորը հիշեցրել է, որ նախորդ դատական նիստում պաշտպանական կողմին ժամանակ էր տրամադրվել ելույթներին նախապատրաստվելու համար։ Նա հետաքրքրվել է, թե արդյոք պաշտպանական կողմը պատրաստ է ելույթներին։ Պաշտպանական կողմը հայտնել է, որ պատրաստ է։

Նախագահողը նշել է, որ պաշտպանների ելույթները շարունակվելու են վերաքննիչ բողոքների ներկայացման հերթականությամբ։

Դատարանի հայտարարած ընդմիջման ընթացքում Իշխանյանն առանձնազրույց է ունեցել իր փաստաբանի հետ։ Բացի այդ, ընդմիջման ժամանակ նա թարգմանչի մասնակցությամբ ծանոթացել է մայիսի 26-ի դատական նիստի արձանագրությանը։

Այնուհետև պաշտպանական ելույթի համար խոսքը տրամադրվել է Լևոն Մնացականյանի փաստաբանին։ Իր ելույթում պաշտպանը դատարանին խնդրել է Մնացականյանի նկատմամբ արդարացման որոշում կայացնել՝ արդարացնող հիմքերով։

Դրանից հետո հանդես է եկել նաև Լևոն Մնացականյանը, նա հայտարարել է, որ հավանություն է տալիս իր փաստաբանի ներկայացրած հիմնավորումներին և ներկայացրել նաև սեփական փաստարկները։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։