17 հունիսի 2026 - 11:26 AMT
Կիևյան կամրջի հարակից հատվածներում երթևեկությունը ժամանակավոր կփոփոխվի

Երևանի Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ հունիսի 17-ից կամրջին հարակից ճանապարհահատվածներում իրականացվել է երթևեկության ժամանակավոր փոփոխություն, հայտնում է քաղաքապետարանը:

Մասնավորապես Հալաբյան և Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկում, Հալաբյան փողոցով երթևեկելիս, նշված խաչմերուկում առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից կթույլատրվի աջ շրջադարձ, իսկ չորրորդից ուղիղ և հետադարձ, իսկ Քըրքորյան փողոցի կողմից առաջին երթևեկելի գոտուց աջ և ձախ շրջադարձ, երկրորդ և երրորդ գոտիներից դեպի ձախ, իսկ չորրորդ գոտուց` միայն հետադարձ: Նշված խաչմերուկում Մարզահամերգային համալիրի հարթակից կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն:

Նշված խաչմերուկում նաև կփոփոխվի լուսացույցի աշխատանքը` համապատասխանեցվելով երթևեկության կազմակերպման փոփոխությանը:

Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում նույնպես կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն, մասնավորապես Կիևյան փողոցի առաջին նրբանցքով դեպի նշված խաչմերուկ ընթացող վարորդներին կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով, իսկ Օրբելիի կողմից երթևեկող տրանսպորտային միջոցներին առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն աջ, երկրորդից` ուղիղ և ձախ։