17 հունիսի 2026 - 11:27 AMT
Դատարանը չի բավարարել Տիրան Խաչատրյանի քրհետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը չի դադարեցվի՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, մերժել է քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը։

Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության հիմքում, մասնավորապես, դրվել է քրեական հետապնդման ժամկետների խախտման հարցը, հայտնում է «Փաստինֆոն»:

Դատարանը մերժել է միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ խնդիրը զգայուն բնույթ ունի և ներկայում քննարկվում է նաև Սահմանադրական դատարանում։

Այնուամենայնիվ, դատարանը նշել է, որ քրեական մեղադրանքն ինքնավար հասկացություն է, ընդունելի է համարել պաշտպանի մեկնաբանությունն այն մասով, որ այն պահից, երբ պետությունը անձին տեղեկացնում է որևէ արարքի կատարման մեջ կասկածելու մասին, սկսվում է փաստացի քրեական հետապնդումը, և այդ պահից պետք է գնահատվեն համապատասխան ժամկետները։ Նախագահող դատավորը նաև նշել է, որ փաստացի քրեական հետապնդման առավել վտանգավոր դրսևորումներից է այն իրավիճակը, երբ անձի նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ։

Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով՝ 2023 թվականի սեպտեմբերին, Արցախի էթնիկ զտման օրերին, Երևանում արձանագրված միջադեպի գործի շրջանակում։ Այդ օրերին Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում վարորդներից մեկը մեքենան վարել է դեպի ցուցարարները, ինչի ժամանակ, ըստ գործի նյութերի, Տիրան Խաչատրյանը ձեռքով հարված է հասցրել։ Նշված գործով Խաչատրյանը 2023 թվականի նոյեմբերին կասկածանքի վերաբերյալ հրավիրվել է հարցաքննության, հրաժարվել է ցուցմունք տալուց, որից հետո գործը մոտ երեք տարի ընթացք չի ունեցել, իսկ Խաչատրյանը փաստացի ունեցել է քրեական հետապնդման ենթարկվող անձի կարգավիճակ։