
«Հայաստան» դաշինքի անդամները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին են ներկայացրել իրենց գնահատականը ընտրախախտումների վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Հունիսի 16-ին Արթուր Խաչատրյանը և ես հանդիպել ենք ԵԱՀԿ ԽՎ ԺՀՄԻԳ եկարատև դիտորդական առաքելության անդամներ Վլադիմիր Միսևին, Ելիզավետ Կարագիանիդուին և Սմարանդա Սանդու Լեսկուին՝ փոխանցել «Հայաստան» դաշինքի տեղեկանքը հետընտրական զարգացումների առնչությամբ։
Ներկայացրել ենք մեր մոտեցումները և գնահատականները խորհրդարանական ընտրությունների արդյունքների, նախընտրական և հետընտրական զարգացումների և տեղ գտած մասսայական և փաստարկված ընտրախախտումների վերաբերյալ։
Մասնավորապես անդրադարձել ենք հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ ամփոփիչ եզրակացությանը և հատկապես 10/51, 12/13 և 35/65 ընտրատեղամասերի արդյունքների չեղարկմանը/ անվավեր ճանաչելուն։
ԿԸՀ որոշումը մեր կողմից գնահատվել է ոչ իրավաչափ և ժողովրդավարության սկզբունքներին դեմ, քանի որ տվյալ տեղամասերի արդյունքները չեղյալ համարելուն զուգահեռ, չորդեգրելով կամ չսահմանելով կրկնակի ընտրություններ, ԿԸՀ-ն ոտնահարում է ՀՀ հազարավոր քաղաքացիների ընտրության իրավունքը և ԱԺ ձևավորման մեջ նրանց դերակատարությունը»,-ասվում է գրառման մեջ։
Գալստյանը հավելել է, որ, ըստ դաշինքի, Ընտրական օրենսգիրքը սահմանել է նման իրավիճակներ լուծելու մեխանիզմ, իսկ ընտրատեղամասի արդյունքներն անվավեր հռչակելն ու կրկնակի ընտրություն չսահմանելը հակասում է Ընտրական օրենսգրքի 95 և 101 հոդվածներով սահմանված ընտրանքներին։
«Ավելի քան ակնհայտ է և ցցուն տվյալ քայլի քաղաքական ենթատեքստը․ 10/51, 12/13 և 35/65 քվեասենյակների արդյունքների անվավեր ճանաչման արդյունքում ԲՀԿ-ն կորցրել է 222 ձայն՝ միաժամանակ դուրս մնալով խորհրդարանում ներկայացված լիննելու հնարավորությունից։
Սա ամբողջությամբ խեղում է ոչ միայն ընտրողների ձայնը, կամարտահայտությունը, այլև հայ հանրությանը միանգամայն այլ քաղաքական կոնֆիգուրացիա է պարտադրվում՝ ուզուրպացնելով ընտրողների և ԲՀԿ ձայները։
ԿԸՀ-ի որոշման օրինականությունն ու համաչափությունը և առհասարակ ընտրությունների լեգիտիմությունը «Հայաստան» Դաշինքը վիճարկելու է Սահմանադրական Դատարանում։
ODIHR-ից և այլ միջազգային ընտրական դիտորդական առաքելություններից ակնկալում ենք անաչառ գնահատական և հավատարմություն ժողովրդավարական ինստիտուտների հայտարարված սկզբունքներին»,-ասվում է գրառման մեջ:
Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:
ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։