17 հունիսի 2026 - 12:09 AMT
ՄԻԵԴ-ը բավարարել է «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ բերման ենթարկված 2 անձի գանգատները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ «Էլեկտրիկ Երևան» խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկված 2 քաղաքացուազատությունից զրկումը չի համապատասխանել Կոնվենցիայի պահանջներին, հայտնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Դատարանը հունիսի 11-ի վճռով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (անձի ազատության և անձեռնմխելիության իրավունք) խախտում «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատներ N 5293/16 և 5295/16) գործերով՝ եզրակացնելով, որ դիմումատուների ազատությունից զրկումը եղել է ոչ իրավաչափ։

Գործը վերաբերել է 2015 թվականի հունիսի 23-ին անցկացված «Էլեկտրիկ Երևան» խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից բերման ենթարկված երկու քաղաքացիների՝ Աբրահամ Աշղյանի և Նարինե Պողոսյանի դեպքերին։ Նրանց ազատությունից զրկել են՝ առանց որևէ հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության։

ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի ազատությունից զրկման ցանկացած դեպք զերծ լինի կամայականությունից և համապատասխանի Կոնվենցիայով սահմանված պահանջներին։ Վկայակոչելով իր նախադեպային իրավունքը, մասնավորապես՝ «Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործը, դատարանը եզրակացրել է, որ դիմումատուների ձերբակալությունները չեն հիմնվել «հիմնավոր կասկածի» վրա, ինչը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջների հիմնական նախապայմաններից է։ Այդ հիմքով դատարանը արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

Որպես արդարացի փոխհատուցում՝ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը յուրաքանչյուր դիմումատուի վճարել 2000 եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, ինչպես նաև 250 եվրո՝ դատական և այլ ծախսերի փոխհատուցման նպատակով։

«Թեև նկարագրված դեպքերը տեղի են ունեցել շուրջ տասնմեկ տարի առաջ, վճիռը կարևոր նշանակություն է ունեցել, քանի որ վերահաստատել է, որ խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ազատությունից զրկման միջոցներ չեն կարող կիրառվել առանց բավարար փաստական հիմքերի և հիմնավոր կասկածի առկայության»,-ասվում է հաղորդագրության մեջ: