
Ազգային ժողովում քննարկվող օրենքի նախագծի ընդունման դեպքում պրակտիկանտները կկարողանան վարձատրվել, իսկ նրանց ստաժը կհաշվարկվի ոչ միայն քաղաքացիական ծառայության, այլև հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելիս։
«Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, հայտնում է Արմենպրեսը:
Նրա խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակը հանրային ծառայության գրավչության բարձրացումն է և Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ որդեգրված տաղանդների կառավարման մոտեցման իրականացումը։
«Փոփոխություններով նախատեսվում է, որ պրակտիկանտները կարող են նաև վարձատրվել։ Մինչ այսօր գործող օրենսդրությամբ կար իմպերատիվ պահանջ, որ նրանք չեն վարձատրվում»,- ասել է Քալաշյանը։
Նախագծով նախատեսվում է նաև, որ պրակտիկանտների ստաժը կհաշվարկվի ոչ միայն քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, այլև հանրային ծառայության ցանկացած պաշտոն զբաղեցնելու դեպքում։ Քալաշյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով պրակտիկանտների ստաժին տրվել է նաև հետադարձ ուժ։ Այսինքն՝ մինչ այժմ պրակտիկա անցած անձանց ստաժը ևս կհամարվի հանրային ծառայության ստաժ։
«Մինչ օրս բոլոր պրակտիկանտների ստաժը պետք է համարվի որպես հանրային ծառայության ստաժ»,- նշել է նա։
Նախագծով սահմանվել է, որ պետական մարմիններում պրակտիկանտների ներգրավման առանձնահատկությունները, նրանց ստաժի հաշվարկման, աշխատանքներին մասնակցության և վարձատրության կարգը կսահմանվի համակարգող փոխվարչապետի համապատասխան կարգով։ Այդ կարգի ընդունման համար նախատեսվել է օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետ։
Քալաշյանը նշել է, որ վարձատրությանը վերաբերող կարգավորումն ուժի մեջ կմտնի համապատասխան կարգի ընդունումից հետո։
«Վստահ եմ, որ այս տեսանելի փոփոխությունը զգալիորեն կմեծացնի հանրային ծառայության գրավչությունը և լսելի կլինի մեր երիտասարդներին, որոնք մղում ունեն իրացնելու իրենց սահմանադրական իրավունքը և անցնելու հանրային ծառայություն»,- ասաց Քալաշյանը։
Նախագծով նախատեսվում է նաև, որ եթե անձը հանրային, համայնքային պաշտոն, փորձագետի կամ պրակտիկանտի պաշտոն զբաղեցրել է օրենքի խախտմամբ, ապա այդ ժամանակահատվածը չի ներառվի հանրային ծառայության ստաժում։