
ԵՄ-ն արտակարգ առևտրային օգնություն է պատրաստում Հայաստանի համար ՝ Ռուսաստանի ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու համար, քանի որ Բրյուսելն ու Մոսկվան մրցակցում են կովկասյան հանրապետության ապագայի վրա ազդեցության համար։ Այդ մասին ասվում է Financial Times-ի հոդվածում:
Ծրագրերին ծանոթ չորս աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը մշակում է այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնց միջոցով կնվազեցվեն հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը, հայտնում է Factor.am-ը:
Նախաձեռնությունը դիտարկվել է որպես արձագանք Հայաստանի վերջին ընտրություններից առաջ Ռուսաստանի սահմանած ներմուծման սահմանափակումներին, որոնք, Բրյուսելի գնահատմամբ, նպատակ են ունեցել ճնշում գործադրել երկրի արևմտամետ կառավարության վրա։
«Հիմա ժամանակն է, որ մենք առաջ շարժվենք և աջակցենք նրանց, ցույց տանք, որ կարող ենք լինել հուսալի գործընկեր։ Նրանց ընկերներ են պետք, իսկ մենք պետք է պաշտպանենք մեր հարևաններին»,- ասել է աղբյուրներից մեկը։
Աղբյուրների համաձայն՝ միջոցառումները, որոնց ընդունման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ պետությունների մեծամասնության և Եվրախորհրդարանի հավանությունը, կընդգրկեն ռուսական սահմանափակումների թիրախում հայտնված մոտ 20 ապրանքային կատեգորիաների մեծ մասը։ Երկու աղբյուրների տվյալներով՝ այդ ապրանքների տարեկան արժեքը կազմում է մոտ 420 միլիոն եվրո։
Նրանց փոխանցմամբ՝ Բրյուսելում մտահոգություն կա, որ Մոսկվան կարող է ավելի ուժեղացնել իր առևտրային ճնշումը նախկին խորհրդային հանրապետության նկատմամբ։
Երկու այլ աղբյուրներ նշել են, որ առաջարկները կարող են ներկայացվել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Պաշտոնյաների տեղեկացմամբ՝ ԵՄ արտաքին գործերի նախարարները երկուշաբթի Լյուքսեմբուրգում Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել են նաև այս հարցը։ Միաժամանակ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը պատրաստվում է հաջորդ ամսվա սկզբին այցելել Հայաստան։
«Հանձնաժողովը կառաջարկի ինքնավար առևտրային միջոցառումներ՝ օգնելու ավելի շատ հայկական բիզնեսների մուտք գործել ԵՄ նոր շուկայական հնարավորություններ և աջակցելու երկրի տնտեսությանն այնտեղ, որտեղ այն ամենաշատն է տուժել»,- FT-ին ասել է հանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը։
FT-ն գրել է, որ Հայաստանը Ռուսաստանի գլխավորած մաքսային միության անդամ է, ինչը, պարբերականի ձևակերպմամբ, «Մոսկվային խեղդող վերահսկողություն է տալիս երկրի ներմուծման և արտահանման նկատմամբ», ինչպես նաև բարդացնում է Եվրամիության փորձերը Երևանի հետ արտոնյալ առևտրային համաձայնագրեր կնքելու ուղղությամբ։
Նյութում նշվում է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանում Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի նկատմամբ՝ սկզբում հղում անելով ծաղիկների հետ կապված բուսասանիտարական մտահոգություններին։ Հետագայում սահմանափակումները տարածվել են հանքային ջրերի, գինու, կոնյակի, մրգերի, բանջարեղենի, ինչպես նաև թարմ ձկան վրա։
Քվեարկությունից երեք օր առաջ Եվրամիությունը հայտարարել է ֆինանսական աջակցության տրամադրման և հազարավոր ծաղիկների գնման մասին, որոնք նախկինում արտահանվել են Ռուսաստան։
Երկու պաշտոնյաներ նշել են, որ Հայաստանի կարևորագույն արտահանվող ապրանքներից համարվող կոնյակի հարցը որոշակի դժվարություններ է ստեղծում ԵՄ պաշտոնյաների համար աջակցության մեխանիզմներ մշակելիս՝ հաշվի առնելով Ֆրանսիայի համար այդ ոլորտի նշանակությունը։ Նշվել է նաև, որ բարդություններ կան ծովային ելք չունեցող երկրից փչացող ապրանքների տեղափոխման հարցում՝ Թուրքիայի կամ Վրաստանի տարածքով։
Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։