17 հունիսի 2026 - 14:05 AMT
ԿԸՀ-ն քննում է ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է «Հայաստան» դաշինքի 3 և «Ուժեղ Հայաստանի» 2 պատգամավորության թեկնածուներին առնչվող դատախազության միջնորդությունները։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից բացի, դատախազությունը մյուս չորս թեկնածուների՝ Ռուսլան Բարսեղյանի, Ասատուր Քոչարյանի, Աշոտ Եղիազարյանի և Դավիթ Ղազինյանի նկատմամբ ներկայացրել է ոչ միայն մեղադրանք առաջադրելու, այլև ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություններ, հայտնում է «Ազատությունը»:

Ընտրություններից առաջ, ինչպես նաև քվեարկությանը հաջորդած օրերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է իր հիմնական քաղաքական մրցակիցներին բանտ ուղարկելու անհրաժեշտության մասին՝ օգտագործելով «եռագլուխ մաֆիան կործանելու» և «ծնկի բերելու» ձևակերպումները։ Նա պնդել է, որ դա ժողովրդի պահանջն է։

Փաշինյանը ընդդիմության առաջնորդներ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին անվանել է «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։

Թե կոնկրետ ինչ գործի շրջանակում են ցանկանում մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին, իրավապահ մարմինները մի քանի օր շարունակ չեն հայտնում։ Նախկին նախագահը մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով կրկին ունի մեղադրյալի կարգավիճակ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։

Փաշինյանի հետընտրական հայտարարություններից հետո Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է երկրից դուրս գալու արգելք։

Գագիկ Ծառուկյանին մեղադրել են հարկեր թաքցնելու մեջ։ Թեև նա նույնպես եղել է պատգամավորության թեկնածու, դատախազությունը շրջանցել է ԿԸՀ դիմելու և համաձայնություն ստանալու ընթացակարգը։ Իսկ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ առկա գործի մանրամասները մինչ այժմ հայտնի չեն։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։