
Ադրբեջանական վարչակարգը ոչնչացրել է Արցախի Աստղաշեն գյուղում գտնվող Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, հայտնում է Artsakh Monuments-ը:
Դա է վկայում 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում արված արբանյակային լուսանկարների վերլուծությունը:
«Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին։ Մարիա Զախարովան բան չունի՞ ասելու»,- նշված է հաղորդագրությունում։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։