
Դատախազությունը հայտնել է, որ 457․79 հա մակերեսով հողամասը «Արարատցեմենտ» ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրելու պետական գրանցման գործընթացում արձանագրել է մի շարք խախտումներ։
Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, հունիսի 16-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
Միևնույն ժամանակ, վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով՝ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ 457.79 հա հողամասի նկատմամբ «Արարատցեմենտ» ընկերության անվամբ կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու վերաբերյալ։
Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման, ընկերությանը պատկանող 74.1 հա մակերեսով հողամասերի, ինչպես նաև ընկերության սեփականություն հանդիսացող «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացներում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ։
Արձանագրված խախտումների հիմքով Դատախազությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, ինչպես նաև հայցադիմումներ՝ իրավասու դատարաններ։
Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է ուղարկել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու հարցը, այդ թվում՝ ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը։ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունը պարզելու նպատակով Դատախազության ուսումնասիրությունները շարունակվում են։