
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին կողաշրջվել է։ Ժամը 12:12-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։
Վթարից հետո բուժօգնության համար դիմել է 30 երեխա և 6 մեծահասակ, հայտնում է առողջապահության նախարարությունը: Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտություններ և դուրս են գրվել։
Կազմակերպվել է նաև 3 երեխայի տեղափոխումը Երևան՝ լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու նպատակով։
Բժիշկների գնահատմամբ՝ տուժածների կյանքին սպառնացող վտանգ չկա: