
Հայաստանում հայրության արձակուրդից օգտվելու ցուցանիշը շարունակում է մնալ ցածր՝ կազմելով ընդամենը 11 տոկոս։ Այդ մասին ասուլիսում ասել է ԵՊՀ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի տնօրեն Արեմ Մկրտչյանը։
ՀՀ չորս մարզերում ավելի քան 380 աշխատող հայրերի շրջանում իրականացվել է հետազոտություն՝ պարզելու հայրության արձակուրդի տարածվածությունն ու առկա խնդիրները, հայտնում է Sputnik Արմենիան:
2020 թվականից Հայաստանի հայրերը երեխայի ծնունդից հետո իրավունք ունեն օգտվել 5 աշխատանքային օր տևողությամբ վճարվող արձակուրդից։
«Հետազոտությունները սկսել ենք իրականացնել 2026 թվականի մարտ ամսին։ ՀՀ 4 մարզում է իրականացվել հետազոտությունը Շիրակում, Լոռիում, Արագածոտնում և Տավուշում։ Հետազոտության հիմնական նպատակն է եղել գնահատել, թե որքանով են մարդիկ տեղյակ հայրության արձակուրդի, դրանից օգտվելու գործնների մասին։ Հետազոտությունն արվել է 384 աշխատող հայրիկի շրջանում։ Այս ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ հայրության արձակուրդից օգտվելու մակարդակը մնում է բավականին ցածր 11 %»,– նշել է Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրություններն իրականացվել են ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներում, և բնակավայրի տեսակը հիմնականում ազդել է հայրերի իրազեկվածության մակարդակի վրա։
Փորձագետի գնահատմամբ՝ հայրության արձակուրդից չօգտվելու պատճառներից մեկն այն է, որ երեխայի խնամքով հաճախ արդեն զբաղվել են ընտանիքի այլ անդամներ, օրինակ՝ տատիկները։ Բացի այդ, հարցվածներից շատերը նշել են, որ երեխայի խնամքը հիմնականում կնոջ պատասխանատվությունն է, ոչ թե տղամարդու։ Նրա կարծիքով՝ այս մոտեցումը հատկապես տարածված է գյուղական համայնքներում։
Խնդիրներ են առաջացել նաև այն դեպքերում, երբ հայրերը աշխատել են այնպիսի կազմակերպություններում, որտեղ փոխարինող աշխատակից չի եղել կամ աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ չի տվել արձակուրդ վերցնել։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը ընդգծել է, որ բարձրացված հարցերը հետագայում կարող են օգտակար լինել պետական կառույցների համար՝ հասկանալու, թե ինչ ուղղություններով է անհրաժեշտ շարունակել աշխատանքը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշել է, որ հետազոտությունը կարևոր խնդիրներ է բացահայտել, որոնք հաշվի կառնվեն հետագա քաղաքականությունների մշակման ընթացքում։
«Իրազեկվածության մակարդակը բարձրացնելը շատ կարևոր է։ Մենք այդ ուղղությամբ նկատելի աշխատանք իրականացնում ենք, և դա շարունակելի կլինի։ Ինչ վերաբերում է իրականացվող քաղաքականությանը, ապա նշեմ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կա կարգավորումների ավելի լայն շրջանակ, որը վերաբերում է երեխա խնամողին։ Մենք այստեղ նկատի ունենք նաև հայրերին։
Օրինակ՝ հայրերը ևս իրավունք ունեն վերցնել երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարին լրանալը։ Աշխատատեղն այս ընթացքում պահպանվում է։ Հաջորդ օրինակը, տղամարդիկ, իրենց կնոջ հղիության ու ծննդաբերության շրջանում, իրավունք ունեն իրենք որոշեն, թե երբ են ցանկանում օգտագործել ամենամյա վճարովի արձակուրդը»,- ասել է Ժորա Սարգսյանը։
Նա նաև անդրադարձել է ծնողական ժամի կարգավորմանը՝ նշելով, որ դրանից կարող են օգտվել ինչպես հայրերը, այնպես էլ մայրերը։ Մինչև 12 տարեկան երեխա ունեցող աշխատողները կարող են աշխատավարձի պահպանմամբ օգտվել այդ հնարավորությունից․ մինչև երկու երեխայի դեպքում օրական տրամադրվում է 30 րոպե, իսկ երեք և ավելի երեխա ունենալու դեպքում՝ մեկ ժամ։