17 հունիսի 2026 - 15:45 AMT
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ կառավարության միջնորդությունը

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի կառավարության միջնորդությունը՝ Liormand Holdings Limited-ի և Կարապետյանների կողմից ներկայացված հայցով վարույթը երկատելու վերաբերյալ, հայտնում է կառավարությունը:

Տրիբունալը նախնական փուլում առանձին կքննարկի Հայաստանի ներկայացրած իրավազորության առարկությունները, այդ թվում՝ կառավարության պնդումը, որ հայցվորները չեն համապատասխանում միջազգային համաձայնագրով սահմանված «ներդրող» կարգավիճակին։

«Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2026 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է վարույթի երկատման Հայաստանի միջնորդությունը` Liormand Holdings Limited ընկերությունը և Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործով:

Հայաստանը ներկայացրել էր փաստարկներ, որոնցով հիմնավորել է, որ արբիտրաժային տրիբունալի կողմից գործի քննության իրավազորությունը բացակայում է։ Միջազգային տրիբունալը բավարար հիմքեր է տեսել Հայաստանի Կառավարության ներկայացված բոլորը փաստարկները վարույթի նախնական փուլում առանձին քննության առարկա դարձնելու համար։

Հայաստանի էական փաստարկներից է այն, որ Կարապետյանները չեն բավարարում համապատասխան միջազգային համաձայնագրով ամրագրված «ներդրող» հասկացության պահանջներին, ինչպես նաև խախտել են այդ համաձայնագրի 9(2)-րդ հոդվածի պահանջները։

Այս կարևոր որոշումը հնարավոր է դարձնում, որ միջազգային տրիբունալը շատ ավելի վաղ փուլում քննարկի իրավազորության հարցերը և ամբողջությամբ մերժի Հայաստանի դեմ ներկայացված բոլոր պահանջները»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղրդագրությունում։

Արբիտրաժային վարույթը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995 թվականի հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված ընթացակարգի շրջանակում։

2025 թվականի հուլիսի 23-ին Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հայտարարել էր, որ ՀԷՑ-ի պետականացման գործընթացի շուրջ վեճում Կարապետյանը «հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում», սակայն խոսքը վերաբերել է ոչ թե գործի վերջնական հանգուցալուծմանը, այլ մինչև վերջնական որոշման կայացումը կիրառված անհետաձգելի միջոցին։Ըստ այդ հայտարարության՝ «դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։