17 հունիսի 2026 - 15:58 AMT
Դավիթ Ղազինյանին զրկել են անձեռնմխելիությունից

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից, հայտնում է Radar Armenia-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը և համաձայնություն տվել Դավիթ Ղազինյանի անձեռնմխելիությունը դադարեցնելուն։

Բավարարվել է նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը։ Այդ մասին ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Կարծում եմ՝ ԿԸՀ-ից որևէ իրավական ակնկալիք ունենալը ողջամիտ չէ, դա նույնիսկ միամտություն էլ չէ։ Այս կառույցը որևէ իրավական հենք չի ուզում պահել։ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ երկու միջնորդություն էր ներկայացվել, երկուսն էլ բավարարվել են»,- նշել է Վարդևանյանը։

ԿԸՀ նիստից առաջ Դավիթ Ղազինյանը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները և հայտարարել, որ որևէ մեկին գումար չի փոխանցել: Նա նաև կարծիք էր հայտնել, որ հանձնաժողովը կբավարարի ներկայացված միջնորդությունը, իսկ իրականացվող գործընթացներն ուղղված են իր քաղաքական ակտիվության և «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Դավիթ Ղազինյանը, մի խումբ համակիրների հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին ընտրակաշառք է տվել։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել և տվել են ընտրակաշառք։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, իրականացվել են խուզարկություններ և այլ վարութային գործողություններ։

ԿԸՀ նիստը անցկացվում է դռնփակ ձևաչափով։ Նշվել է նաև, որ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ռուսլան Բարսեղյանի, Ռոբերտ Քոչարյանի և Ասատուր Քոչարյանի վերաբերյալ։