
Հայաստանում սոցիալապես խոցելի մի շարք խմբերի համար կսահմանափակվի առցանց շահումով խաղերին մասնակցելու հնարավորությունը։ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Մասնավորապես, առաջարկվում է արգելել խաղալը պետական սուբսիդիաներ (հիփոթեքային վարկերի, ուսման վարձի, գյուղատնտեսական վարկերի և այլնի համար) ստացող քաղաքացիներին, սոցիալական նպաստ ստացողներին, բացի թոշակից այլ եկամուտ չունեցող կենսաթոշակառուներին, սնանկության գործընթացի մասնակիցներին, ինչպես նաև բարձր վարկային բեռ ունեցող անձանց (ովքեր իրենց տարեկան եկամտի ավելի քան 40%-ը ուղղում են վարկերի մարմանը), հայտնում է Sputnik Արմենիան:
Այն քաղաքացիների համար, որոնց չի արգելվի մասնակցել առցանց շահումով խաղերին, նույնպես սահմանվել են որոշակի սահմանափակումներ։ Նրանց կողմից կատարվող խաղադրույքների ծավալը չի կարող գերազանցել տարեկան եկամտի 20 տոկոսը։
Բացի այդ, Հայաստանում գործունեություն իրականացնող բոլոր տեղական և արտասահմանյան առցանց խաղատների հարթակները պարտավոր կլինեն իրենց ինտերֆեյսներում տեսանելի հատվածում տեղադրել ավտոմատ արգելափակման կոճակ։ Դրա միջոցով մոլախաղերից կախվածություն ունեցող կամ այդ վտանգը գիտակցող օգտատերերը մեկ գործողությամբ կկարողանան արգելափակել իրենց հաշիվը ոչ միայն տվյալ հարթակում, այլև երկրում գործող մյուս բոլոր հարթակներում։ Նշվել է, որ արտասահմանյան այն հարթակները, որոնք չեն ենթարկվի ՀՀ օրենսդրության պահանջներին, կարգելափակվեն Հայաստանի տարածքում։
Օրինագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ Հայաստանի բնակիչների կողմից առցանց խաղատներում կատարված խաղադրույքների ծավալը 2017-2025 թվականներին աճել է ավելի քան 35 անգամ՝ հասնելով 7․41 տրիլիոն դրամի։
Նշվել է նաև, որ առցանց խաղադրույքների ծավալը սովորաբար մի քանի անգամ գերազանցում է ներդրված իրական գումարների չափը, քանի որ նույն գումարով հնարավոր է կատարել բազմաթիվ խաղադրույքներ։ Սակայն նույնիսկ ավելի պահպանողական հաշվարկների դեպքում գումարները շարունակում են մնալ զգալի՝ մոտ 2 միլիարդ դոլարի չափով։
Միևնույն ժամանակ, խաղային բիզնեսով զբաղվող ընկերությունների վճարած հարկերը կազմում են պետական բյուջեի ընդհանուր եկամուտների մոտ 1 տոկոսը։
Մինչ այս գործող կարգավորումներով առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելն արգելված էր մինչև 21 տարեկան անձանց, ինչպես նաև պետական ծառայողներին և զինծառայողներին։