17 հունիսի 2026 - 16:55 AMT
Ղազարյան․ ՀՀ-ից 183 օր բացակայելու դեպքում քաղաքացին զրկվելու է ընտրելու իրավունքից

Ազգային ժողովում շրջանառվող նախագծով ՀՀ-ից 183 օր բացակայելու դեպքում քաղաքացին զրկվելու է ընտրելու իրավունքից։ Այդ մաին ասել է ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ խոսելով է իր համահեղինակությամբ մշակված օրենսդրական նախաձեռնության մասին:

Ըստ նրա՝ որոշ բացառություններ նախատեսված են, հայտնում է Factor.am-ը:

«Եթե մարդ վեց ամսից ավելի ապրում է Հայաստանի Հանրապետությունում, հետևաբար ունի իր կենսական շահերը Հայաստանում՝ հարկ է վճարում, աշխատում է։ Տեսե՛ք, ՏԻՄ օրենքում մենք նման փոփոխություններ ունենք, բայց համապետական ընտրությունների ժամանակ փոփոխություններ չունենք. կարծես նաև սա է միավորում այս նախագծին, որպեսզի միասնական նման սահմանում ունենանք նաև այս առումով։ Նույնը վերաբերում է նաև «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությանը։

Թվերի առումով՝ այս պահին, քանի որ շատ ֆիքսված չեմ հիշում թվերը, կխուսափեմ թիվ հնչեցնել, բայց այնուամենայնիվ, հիմնական զեկուցման ժամանակ ավելի մանրամասն թվային տվյալներով, վիճակագրությամբ [կներկայացնեմ]՝ արդյոք հետո մենք ինչքան ընտրող կունենանք, ընտրողների թիվը կպակասի՞, թե՞ կավելանա։ Մի երկու բացառություն էլ նախատեսված է. հանրային պաշտոնների դեպքում, երբ որ ծառայության է մեկնում արտերկիր, նրանց դեպքում կա բացառություն, և նաև ուսումնական բուհեր ընդունվելու դեպքում։ Քննարկման փուլում են բուժման նպատակով, նաև հարկեր վճարելու հիմքով և այլ նման հարցեր, բայց այս պահին նախագիծը դրված է այս տեսքով շրջանառության մեջ»,-նշել է նա։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։