17 հունիսի 2026 - 17:12 AMT
ՔԿՀ-ներում արգելված իրեր փոխանցելու համար տուգանքները կխստացվեն

Կվերանայվի ՔԿՀ-ներում կալանավորվածներին և ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված տուգանքի չափը: ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալված անձանց պահելու վայրերում արգելված առարկաների ներթափանցման դեպքերի կանխարգելման, ինչպես նաև գործող վարչական պատասխանատվության միջոցների արդյունավետության բարձրացման նպատակով, հայտնում է 1lurer.am-ը:

«Գործող կարգավորումների փորձը ցույց է տալիս, որ ներկայում նախատեսված վարչական տույժերն ու դրանց չափերը բավարար չափով չեն ապահովում իրավախախտումների կանխարգելումը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով գործող կարգավորումների վերանայման անհրաժեշտությունը։

Նրա ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել քրեակատարողական հիմնարկի ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակակետն անցած և օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելու համար։

«Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվություն քրեակատարողական հիմնարկի ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցած և օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելու համար, վերանայել ՔԿՀ-ներում կալանավորվածներին և ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու կամ հանձնելու փորձի համար նախատեսված վարչական տուգանքի չափը, մասնավորապես հիշյալ արարքի համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, իսկ նույն արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում կրկին կատարելու համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 600-ապատիկի չափով»,- մանրամասնել է արդարադատության նախարարը։