
Հունիսի 17-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը, որն այս տարի անցկացվում է ընդլայնված միջազգային մասնակցությամբ, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
Այս տարի զորավարժությունը ընդլայնել է մասնակիցների կազմը։ ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողների հետ միասին ներգրավվել են նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։
«Սա արդեն չորրորդ ամենամյա զորավարժությունն է, որը հիմնված է հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության վրա և աջակցում է միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստման հարցում»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունը կտևի մինչև հունիսի 25-ը:
Համատեղ բազմակողմ վարժանքների միջոցով «Արծիվ գործընկեր-2026»-ը նպաստում է փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը, լավագույն փորձի փոխանակմանը և խաղաղապահ ուժերի պատրաստվածության ամրապնդմանը։