
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որի համաձայն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում կստեղծվեն նոր խոշորացված համայքներ: Խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Լոռու մարզում կձևավորվի նոր՝ Ստեփանավան խոշորացված համայնքը՝ միավորելով ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները։ Նոր համայնքը կներառի 20 բնակավայր, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Սյունիքի մարզում կստեղծվի Գորիս խոշորացված համայնքը, որի կազմում կընդգրկվեն Գորիս, Տաթև և Տեղ խոշորացված համայնքները՝ ընդհանուր 28 բնակավայրով։
Վայոց ձորի մարզում կձևավորվի Եղեգնաձոր խոշորացված համայնքը՝ միավորելով Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները։ Նոր վարչական միավորը կունենա 32 բնակավայր։
Փոփոխությունների արդյունքում հանրապետությունում գործող 70 համայնքների թիվը կնվազի և կկազմի 64։
Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ համայնքների խոշորացման գործընթացը գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը, և այդ քաղաքականությունը շարունակվելու է։