17 հունիսի 2026 - 17:36 AMT
Միքայել սրբազանի պաշտպան․ Օբյեկտիվ քննության հետ գործ չենք ունեցել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Ռոման Ահարոնյանը Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարել է, որ քննությունը օբյեկտիվ չի եղել:

«Օբյեկտիվ քննության հետ գործ չենք ունեցել»,-ասել է նա, հայտնում է Pаnorama.am-ը:

Նրա խոսքով՝ առաջադրված մեղադրանքում բացակայում է կոչ անելու եղանակի նկարագրությունը, և առավելագույնը կարելի է ենթադրել, որ անձը գիտակցել է նկարահանվելու փաստը, քանի որ տեսախցիկ է եղել տեղադրված։

Պաշտպանը նշել է, որ առաջին ատյանի դատարանը վկայակոչել է այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք ոչ միայն առկա չեն եղել գործի նյութերում և չեն քննարկվել, այլև դատարանն իր եզրահանգումների մի մասը կառուցել է հենց այդ հանգամանքների վրա։ Ահարոնյանի գնահատմամբ՝ դատարանը կարող է դատողություններ անել միայն այն փաստերի հիման վրա, որոնք պատշաճ ընթացակարգով հաստատվել են։

«Դատարանը մի քանի տեղ նշում է՝ կոչի նպատակը իշխանությունը զավթելն է, հետո նշում է հասարակությանը ապօրինի գործողությունների դրդելը»,- ասել է Ահարոնյանը։

Նրա խոսքով՝ գործով շահարկված բոլոր փաստերը ընդհանուր բնույթի են և չեն պարունակում բավարար կոնկրետություն։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թվականի հունիսի 28-ին կալանավորվել է երկու ամսով, իսկ հետագայում կալանքի ժամկետը երկարաձգվել է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։

Դատարանը Միքայել Սրբազանին մեղավոր է ճանաչել նշված հոդվածով առաջադրված մեղադրանքում և 2025 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ դատապարտել է երկու տարվա ազատազրկման։ Ավելի ուշ՝ 2026-ի փետրվարի 6-ին, դատարանի որոշմամբ նրա կալանքը վերացվել է, և նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։