
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ «մանիպուլյատիվ սուտը» որքան մեծ տեղ է զբաղեցրել, հայտնում է 1lurer.am-ը:
«Մեր հանրությունն էլ պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր սուտը տարածել են: Էլի եմ ուզում ասել, որ նման թեմա ընդհանրապես, թեկուզ լրատվական ֆոնի մակարդակում պահելու հնարավորություն կա միայն պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթները շարունակելու դեպքում: Այսինքն՝ եթե մենք հակամարտության տրամաբանության մեջ ենք մտնում, ինչ խոսույթներ ասես կարող են ձևավորվել, բայց խաղաղության օրակարգը և խաղաղությունը բոլոր թեմաները փակում է և փակել է: Սրանում է իրողությունը»,- ասել է նա։
Վարչապետը խոսել է նաև ընտրակաշառքի թեմայից՝ պնդելով, որ ընտրությունների ընթացքում լայնածավալ ընտրակաշառք է բաժանվել, սակայն պետությունն աննախադեպ արդյունավետությամբ է պայքարել այդ երևույթի դեմ։
«Առաջին անգամ է, որ այս ծավալի ընտրակաշառքին ժողովուրդը հաղթել է, որովհետև նախկինում երբեք չի եղել դեպք, որ այս ծավալով ընտրակաշառք բաժանվի, և ժողովրդի ձայնն արտահայտվի: Սա մի կողմից ցույց է տալիս մեր պետության ինստիտուցիոնալ հասունությունը, մյուս կողմից ցույց է տալիս, որ այդ ճանապարհը դեռ պետք է շարունակել:
Էլի եմ ասում՝ ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից արմատախիլ անելը այսօր այս փաստի բերումով դառնում է օրակարգի առաջնահերթություն, և հատ-հատ պետք է արմատախիլ անել բոլոր հնարավոր միջոցներով, մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- ասել է Փաշինյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ինչպես նաև դաշինքի այլ ներկայացուցիչներ քարոզարշավի ժամանակ պարբերաբար պնդումներ են արել, թե «Հայաստանի գործող իշխանության վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ են գալու Հայաստանում ապրելու», հիշատակել հունիսի 18-ին այդ թեմայով Նախիջևանում կայանալիք համաժողովը «Արևմտյան Ադրբեջան» վերնագրով, որին մասնակցելու է նաև Ալիևը: