17 հունիսի 2026 - 18:26 AMT
Փաշինյան. Գյումրիում ընտրությունների վերաբերյալ սցենարներ ենք քննարկում, մշակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված տարբեր սցենարներ են մշակվում։

«Հիմա մենք աշխատում ենք և քննարկում ենք, մշակում ենք կոնկրետ սցենարներ, և այդ սցենարներով կառաջնորդվենք, ու դա, իհարկե, կդառնա հրապարակային»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Factor.am-ը:

Նրա խոսքով՝ այս փուլում դժվար է հստակ ժամկետներ նշել, քանի որ նախ պետք է ձևավորվեն խորհրդարանը և նոր կառավարությունը, որից հետո հնարավոր կլինի անդրադառնալ հաջորդ քայլերին։

«Հիմա ժամկետներ չեմ կարող ասել. խորհրդարանը կձևավորվի, կառավարությունը նոր կձևավորվի, և դրանից հետո արդեն… Բայց կարող եմ մի բան ասել, որ այսօրվանից արդեն այն, ինչ որ գյումրեցիներին խոստացել ենք, ես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հանձնարարել եմ հենց մեր Գյումրի այցելության հաջորդ օրը:

Ըստ էության, հիմա, ճիշտ է, այն կտորներում ենք աշխատում, որտեղ միջպետական ճանապարհի կամ հանրապետական ճանապարհի նշանակություն ունեն նաև քաղաքային փողոցները: Այսինքն՝ մենք այսօր Գյումրիում աշխատանքներ ենք անում՝ անկախ ամեն ինչից: Ես ասել եմ՝ Գյումրիի վիճակի հետ կապված ես անձնական պատասխանատվություն եմ ստանձնում գյումրեցիների առաջ: Մենք այդ աշխատանքները արդեն անում ենք և շարունակելու ենք, մյուս հարցերը լրացուցիչ կպարզաբանենք»,-ասել է նա։

Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին Փաշինյանը հայտարարել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ: