
Վերաքննիչ քրեական դատարանում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով այսօրվա դատական նիստում հնչել են եզրափակիչ ելույթները։ Սրբազանն ասել է, որ անազատության մեջ է ապօրինի, մերժում է բոլոր մեղադրանքները, հայտնում է Sputnik Արմենիան:
Միքայել սրբազանը փետրվարի 6-ից գտնվում է տնային կալանքի պայմաններում։ Նրան թույլատրվել է մասնակցել միայն կիրակնօրյա պատարագներին և հաղորդություն ստանալ, սակայն պատարագ մատուցելու իրավունք չի տրվել։
Դատական նիստի ժամանակ փաստաբան Ռոման Ահարոնյանն ասել է․ «ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչությունում ուսումնասիրվել է «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան. Աջապահյան» վերտառությամբ հոդվածը և դրա սկզբնաղբյուր հանդիսացող տեսանյութը։ Պարզվել է, որ այս ամենը չի պարունակում հաղորդակցության տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Հաղորդման կապակցությամբ էլ որևէ վարույթ չէր նախաձեռնվել։ Օրենքով սահմանված կարգով արձանագրվել է, որ հաղորդման մեջ նկարագրված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանող նախնական իրավական գնահատական»։
Փաստաբան Արա Զոհրաբյանը, իր հերթին, հռետորական հարց է բարձրացրել՝ արդյոք Միքայել սրբազանի խոսքերը կարելի՞ է գնահատել որպես սպառնալիք կամ կոչ։ Նա պնդել է, որ հոգևորականը ներկայացրել է անցյալում տեղի ունեցած մի դրվագ և ապագային ուղղված որևէ կոչ չի հնչեցրել։ Զոհրաբյանի գնահատմամբ՝ սրբազանը պարզապես արտահայտել է պատերազմի վերաբերյալ իր տեսակետները, մինչդեռ կոչի առկայության դեպքում պետք է առկա լիներ հստակ գործողության դրդում, ինչը, նրա համոզմամբ, բացակայել է։
Միքայել սրբազանը ևս հանդես է եկել եզրափակիչ խոսքով՝ նշելով, որ այսօր լրացել է իր կալանավորման 356-րդ օրը, իսկ տասը օր անց կլրանա մեկ տարին։
«Փառք եմ վերընծայում Աստծուն այս սքանչելի օրերն ինձ պարգևելու համար բացառությամբ Առաջին ատյանի դատարանում մեր սիրելի դատախազների կողմից իմ ինտելեկտի խոշտանգման։ Մտքի, հանդարտության, Բագրատ և Արշակ սրբազանների հետ եղբայրական զրույցների, վերջին 4 ամսում էլ (արգելված է որևէ մեկի հետ շփումը, բացի 4 հոգուց–խմբ.) առանձնանալու հիանալի հնարավորության համար շնորհակալ եմ։ Հաճույքով կենտրոնացա իմ հոգևոր, մտավոր, ինչպես նաև ֆիզիկական բարօրության վրա։ Մենք իրապես սքանչելի օրեր ենք անցկացրել, իմ կյանքի լավագույն օրերն էին` մտածելու ոչինչ չունես, քանի որ հոտդ քեզնից կտրված է, դու իրավունք չունես քո հոտով զբաղվելու»,– ասել է սրբազանը։
Նա նշել է, որ իրեն մեղավոր չեմ ճանաչի:
«Անազատության մեջ եմ լրիվ ապօրինի, ոչ մի մեղք չեմ գործել, մերժում եմ բոլոր մեղադրանքները։ Անմեղ եմ Հայաստանի Հանրապետության առջև և եղել եմ անմեղ Հայաստանի Հանրապետության առջև։ Իմ ողջ կյանքը նվիրել եմ ՀՀ–ին, ինձ համար վիրավորական է, որ դատվում եմ «հանուն Հայաստանի Հանրապետության»,– ասել է հոգևորականը։
Միքայել սրբազանը նաև ստախոս է անվանել գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին և արդարադատության նախարարին։ Նա հարց է բարձրացրել, թե արդյոք այդ անձինք պատասխանատվության կենթարկվեն ստախոսության և իր գնահատմամբ ապօրինի կալանքի համար։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։
Ավելի ուշ՝ փետրվարի 6-ին, Վերաքննիչ դատարանը նրա նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է տնային կալանքով։