17 հունիսի 2026 - 18:55 AMT
Փաշինյան. Գրիգորյան-Հաջիև հանդիպման հիմնական նպատակը խաղաղության գործընթացի դինամիկան վերականգնելն էր

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ուղիղ շփումների նպատակն է վերականգնել խաղաղության գործընթացի դինամիկան և վերահաստատել երկու երկրների հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի Դիլիջանում կայացած հանդիպմանը։

«Մեզ համար ընտրություններից անմիջապես հետո շատ կարևոր էր, որ մենք խաղաղության գործընթացի դինամիկան չկորցնենք։ Շատ կարևոր էր մեզ համար, որ խաղաղության գործընթացը ընկնի իր դինամիկայի մեջ»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:

Նրա խոսքով՝ նման մոտեցում առկա է եղել նաև ադրբեջանական կողմում, ինչի արդյունքում կազմակերպվել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

Վարչապետը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակը եղել է խաղաղության գործընթացի բնական ընթացքի վերականգնումը։

«Մեր փորձը ցույց է տվել, որ երկկողմ ուղիղ շփումները կարևոր են»,- ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը կարևոր է համարել նաև այն փաստը, որ նման ձևաչափով հանդիպումն առաջին անգամ տեղի է ունեցել Հայաստանի տարածքում։ Նրա գնահատմամբ՝ հաջորդ հանդիպումը, հավանաբար, կկայանա Ադրբեջանում։

«Շատ կարևոր է, որ սրանով Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- ասել է վարչապետը։

Հունիսի 14-ին Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել են Դիլիջանում։

Կողմերը նույնաբովանդակ տեքստ են տարածել, ըստ որի «բանակցությունների ընթացքում քննարկել են ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր և ընդգծել են երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարևորությունը»։