18 հունիսի 2026 - 10:41 AMT
Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է: Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր, ավարտվել է առավոտյան 7:10, դատական ակտը պետք է հրապարակվեր 9:00-ին, բայց մի փոքր ուշացումով հրապարակվեց կալանքի որոշում, թեպետ որևէ փաստարկ ամբողջ նիստի ընթացքում չներկայացվեց»,–ասել է Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանը դատարանի որոշումը ապօրինի է անվանել։

Ավելի վաղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության ներկայացրած երկու միջնորդությունները՝ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Հունիսի 17-ին նա ձերբակալվել է։ ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ գործը վերաբերում է ընտրակաշառքի նախապատրաստմանը։

Իշխանությունը մեղադրում է ընդդիմադիր երեք առաջատար ուժերին («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ) ընտրակաշառքներ բաժանելու մեջ։ Նախաձեռնվել են մի քանի տասնյակ քրեական վարույթներ, կան կալանավորվածներ և ձերբակալվածներ։ Միաժամանակ, ընդդիմությունն էլ մեղադրել է իշխանությանը վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման մեջ։ Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ևս արձանագրել է վարչական ռեսուրսի կիրառում, պետական կառույցների աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, ինչպես նաև ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումներ։