
Իրանը և ԱՄՆ-ն ստորագրել են խաղաղության նախնական համաձայնագիր, ինչը հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ 60 օր գործող փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Լիբանանում, Թեհրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերացում և Իրանի վերականգնման հիմնադրամի ստեղծում։
«Այն ստորագրվել է։ Ստորագրվել է Վերսալում։ Ես հենց նոր ստորագրեցի այն», — հաստատել է Թրամփը Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։ Թրամփը միաժամանակ կրկին սպառնացել է վերսկսել հարձակումները, եթե Իրանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները, հայտնում է BBC-ն:
Հուշագրի տակ իր ստորագրությունն է դրել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ին սկսված պատերազմը, ըստ հրապարակման, հազարավոր զոհերի պատճառ է դարձել, հիմնականում Իրանում և Լիբանանում։ Ի պատասխան՝ Թեհրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին։
Հակամարտությունն առաջացրել է լայնածավալ էներգետիկ ճգնաժամ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փաստացի փակման հետևանքով։
Հունիսի 17-ին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներն Էվիանում անցկացվող «Մեծ յոթնյակի» երկրների հանդիպման ընթացքում հավաքել են լրագրողներին և նրանց ներկայացրել հուշագրի 14 կետերից բաղկացած տեքստը։
Փաստաթուղթը ևս 60 օրով երկարաձգել է ապրիլին հայտարարված հրադադարը՝ հնարավորություն տալով կողմերին բանակցել վերջնական խաղաղության համաձայնության շուրջ։
Թրամփը և նրա թիմի անդամները շարունակել են շեշտել, որ ներկայում խոսքը միայն հուշագրի մասին է, և դրա դրույթները կիրականացվեն միայն այն դեպքում, եթե Իրանը, ինչպես նշվել է, «լավ վարք դրսևորի»։
Թրամփը նաև կրկին չի բացառել Իրանի դեմ նոր ռմբակոծությունները, եթե երկու ամսվա ընթացքում վերջնական համաձայնություն ձեռք չբերվի։
Հուշագրի հիմնական դրույթներն են՝
Ռազմական գործողությունների անհապաղ և վերջնական դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը։
Ամերիկյան ծովային շրջափակման դադարեցում իրանական նավահանգիստների նկատմամբ 30 օրվա ընթացքում, իսկ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ևս 30 օրվա ընթացքում՝ ԱՄՆ բոլոր ուժերի հեռացում Իրանի սահմաններից։
Հորմուզի նեղուցի բացում։ Այն 60 օր շարունակ բաց կլինի նավերի անտուրք անցման համար, որից հետո Իրանը, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի խոսքով, «համագործակցելով ոչ միայն Օմանի, այլև Ծոցի այլ պետությունների հետ, կմշակի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ավելի լայն և երկարաժամկետ համաձայնագիր»։
Իրանի վերականգնման և զարգացման համար 300 միլիարդ դոլարի ծրագիր։ ԱՄՆ-ն խոստացել է տարածաշրջանային գործընկերների հետ ստեղծել «Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման» հիմնադրամ՝ առնվազն 300 միլիարդ դոլարի ծավալով։
Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերացում։ ԱՄՆ-ն խոստացել է «վերացնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կիրառվող բոլոր տեսակի պատժամիջոցները»․ դրանց վերացման ժամանակացույցը նախատեսվում է համաձայնեցնել ավելի ուշ։
Իրանի կողմից միջուկային զենք չունենալու պարտավորություն։ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են, որ վերջինս երբեք չի ստեղծի և չի ձեռք բերի միջուկային զենք, ինչպես նաև կհամագործակցի Իրանի հարստացված ուրանի պաշարների վերացման հարցում։
Ինչպես փոխանցել է BBC-ի թղթակից Բեռնդ Դեբյուսման կրտսերը, ամերիկացի պաշտոնյաները լրագրողներին հուշագիրը ներկայացնելուց հետո կրկին ընդգծել են, որ այն որևէ պարտավորություն չի դնում ԱՄՆ-ի վրա, իսկ դրա իրականացումը կախված է լինելու Իրանի հետագա վարքագծից։
Բացի այդ, 300 միլիարդ դոլարի հիմնադրամի վերաբերյալ նրանք նշել են, որ ԱՄՆ-ն պարտավորություն չի ստանձնում սեփական միջոցներ ներդնելու համար։ Վաշինգտոնը միայն խոստացել է տարածաշրջանային գործընկերների հետ մշակել Իրանի վերականգնման և զարգացման ծրագիր՝ առնվազն 300 միլիարդ դոլարի ծավալով։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից հուշագրի ստորագրումից հետոՀորմուզի նեղուցն անմիջապես կբացվի նավագնացության համար, հայտնում է Deutsche Welle-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն միաժամանակ կդադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը։ Պակիստանը, որը միջնորդել է բանակցություններին, պնդել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման մասին հուշագիրն արդեն ուժի մեջ է մտել ստորագրումից հետո, ուստի Հորմուզի նեղուցը կբացվի առանց հապաղման։
Այդ մասին Շարիֆը հունիսի 18-ին՝ հինգշաբթի օրը, գրել է X սոցիալական ցանցում։
Փաստաթղթի հանդիսավոր ստորագրման արարողությունը Պակիստանը նախատեսում է անցկացնել հունիսի 19-ին Շվեյցարիայում՝ Կատարի աջակցությամբ, թեև պետությունների ղեկավարներն արդեն այն ստորագրել են թվային եղանակով։ Շարիֆի գնահատմամբ՝ Լյուցեռնի մերձակայքում գտնվող Բյուրգենշտոկ առողջարանային հյուրանոցում նախատեսված արարողությունը կոչված է նշանավորելու «այդ կարևոր փուլը» և մեկնարկելու վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները «տեխնիկական մակարդակում»: