
Գործադիրը որոշում է ընդունել պետական բյուջեից 1 միլիարդ 634 միլիոն դրամ ուղղել համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը։
«Ներկայացնում եմ պետական համաֆինանսավորմամբ համայնքների զարգացման ծրագրերը 1 մլրդ 634 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը»,- կառավարության նիստում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, հայտնում է Panorama.am-ը:
Նախարարը տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվել է համաֆինանսավորել 13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր։
Խուդաթյանը ներկայացրել է նաև մարզերի կտրվածքով համաֆինանսավորվող ծրագրերի քանակը՝ Արագածոտնի մարզում՝ 1 ծրագիր, Արարատի մարզում՝ 3, Արմավիրի մարզում՝ 4, Գեղարքունիքի մարզում՝ 2, Կոտայքի մարզում՝ 3, Տավուշի մարզում՝ 3։
Նա հավելել է, որ հաստատվող ծրագրի հետ միասին համաֆինանսավորման ծրագրերի ընդհանուր ծավալը կազմելու է 7 միլիարդ 35 միլիոն դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկել է բոլոր ծրագրերը։