
Հայաստանում այս պահին արձանագրվում է բարձր տնտեսական աճ և ոչ շատ բարձր գնաճ, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ԱԺ-ում։ Խորհրդարանում քննարկվում է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։
Նրա խոսքով՝ 2026 թվականի համար մակրոտնտեսական իրավիճակի տեսանկյունից ամենակարևոր անորոշությունները հիմնականում աշխարհաքաղաքական բնույթ են կրում, այդ թվում՝ կապված նավթի գների տատանումների հետ, հայտնում է 1lurer.am-ը:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ներքին տնտեսության տեսանկյունից զարգացումները հիմնականում դրական են, հատկապես պահանջարկի մասով։
«Ունենք շատ լուրջ տուրիզմի աճ, որն իր հետ բերել է լուրջ արտարժութային ներհոսք, պահանջարկի տեսանկյունից ունենք բավականին լավ ֆոն»,- հայտնել է Նուրբեկյանը:
Նա ընդգծել է, որ ներքին տնտեսությունում գնաճը պետք է շարունակի մնալ ուշադրության կենտրոնում, քանի որ ներկայում այն գտնվում է թիրախային ցուցանիշից բարձր մակարդակում։