18 հունիսի 2026 - 14:43 AMT
Փաշինյանը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին. Կառավարում ենք ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ

Դիլիջանում կայացած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը նշանակում է, որխաղաղության գործընթացի ուղղությամբ գնում ենք առաջ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ և կառավարում ենք այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ»,- ասել է վարչապետը, հայտնում է Արմենպրեսը:

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել տարբեր թեմաներ, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց և սահմանային իրավիճակի կառավարման հետ կապված հարցերը։

«Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն, թե՞ ոչ։ Մենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ աշխարհի բոլոր երկրների բանակցությունները բոլոր երկրների հետ միմյանց դիրքորոշումները, պլանները, ռազմավարությունները, մտահոգող հարցերը քննարկելու համար են։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հանդիպել են հունիսի 14-ին Դիլիջանում։ Կողմերը հանդիպման վերաբերյալ տարածել են նույնաբովանդակ հաղորդագրություններ, որոնց համաձայն՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգին առնչվող հարցեր և ընդգծվել է երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարևորությունը։