
«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» (ՕԶԱ) վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին Օրդուբադում մեկնարկած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III համաժողով-փառատոնի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար», գրում է Minval.az-ը:
Նրա խոսքով՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձը «հայրենի հողեր համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքի սկզբունքներին»։
Նա ընդգծել է, որ «տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները վկայում են արևմտյան ադրբեջանցիների հայրենի հող վերադարձի անխուսափելիության մասին»։
Ալեքբերլին հավելել է, որ «Հայաստանը պետք է ընդունի այդ իրողությունը և ապահովի պայմաններ արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար»։
Հունիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ 300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու:
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ինչպես նաև դաշինքի այլ ներկայացուցիչներ քարոզարշավի ժամանակ պարբերաբար պնդումներ են արել, թե «Հայաստանի գործող իշխանության վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ են գալու Հայաստանում ապրելու», հիշատակել հունիսի 18-ին այդ թեմայով Նախիջևանում կայանալիք համաժողովը «Արևմտյան Ադրբեջան» վերնագրով։