18 հունիսի 2026 - 15:46 AMT
Գործատուները մինչև 100,000 դրամ աջակցություն կստանան 63-ից բարձր և հաշմանդամությամբ անձնաց ընդունելու համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկել է մինչև 100,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք երկարաժամկետ աշխատանքային պայմանագրեր կկնքեն հաշմանդամություն ունեցող կամ 63 տարեկանից բարձր անձանց հետ։ Որոշման նախագիծը կառավարության հունիսի 18-ի նիստում ներկայացրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ առաջարկվում է աջակցություն տրամադրել այն գործատուներին, բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, որոնք առնվազն 3-6 ամսով աշխատանքային պայմանագրեր կկնքեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների հետ։ Նախատեսվում է, որ պայմանագրերը կարող են կնքվել նաև մասնակի աշխատաժամանակով՝ կես դրույքով կամ մեկ դրույքից պակաս ծավալով, հայտնում է 1lurer.am-ը:

«Առաջին երեք ամիսների համար առաջարկում ենք եկամտային հարկի փոխհատուցում 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամը: 4-6 ամիսների համար, այսինքն՝ երբ կշարունակվի և ավելի կայուն կդառնա այդ աշխատանքային հարաբերությունը՝ եկամտային հարկի 100 տոկոսի չափով, բայց 50 հազար դրամից ոչ ավելի, և եթե այդ աշխատանքային հարաբերություններն ավելի կայուն կլինեն, այսինքն՝ 1 տարին կլրանա, 1 տարվա ավարտին նաև 100 հազար դրամի չափով միանվագ աջակցություն կլինի գործատուին:

Ծրագիրն առաջարկում ենք սկսել 2027 թվականի հունվարի 1-ից, որովհետև նախապատրաստական աշխատանքներ պետք է իրականացնենք, այդ թվում՝ թվային հարթակների միջոցով»,- ասել է նա։

Նախարարի ներկայացմամբ՝ ծրագրում ներառվել են նաև մի շարք պայմաններ, որոնք ուղղված են հնարավոր չարաշահումների կանխմանը։ Դրանցից մեկն այն է, որ աշխատանքի ընդունվող քաղաքացին վերջին երեք տարիների ընթացքում չպետք է աշխատած լինի տվյալ գործատուի մոտ, ինչպես նաև վերջին երեք ամիսների ընթացքում ընդհանրապես չպետք է զբաղվածություն ունեցած լինի, որպեսզի բացառվի ծրագրից օգտվելու նպատակով պայմանագրերի արհեստական խզումն ու վերակնքումը։

«Ընդհանրապես, այս երկու խումբ քաղաքացիները մեր այն քաղաքացիների թվում են, որոնց անհրաժեշտ են աջակցության և խրախուսման ծրագրեր ընդհանուր զբաղվածության համատեքստում:

Կարծում ենք, որ եթե հաջողվի այս ծրագիրն իրականացնել, մենք նաև այլ խմբերի քաղաքացիների համար կկարողանանք անել»,- ասել է նախարարը։