
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է աշխատանքային միգրանտներին վերաբերող աղմկահարույց քննարկումներին, որոնց պատճառ է դարձել բլոգեր Սոնա Մանուկյանի գրառումը՝ շեշտելով, որ առողջական խնդիրներով մարդկանց թիրախավորելը ճիշտ չէ։
«Հանրային առողջապահական հարցերն ազգություն, սեռ, ռասսա, տարիք չեն ճանաչում. աշխատանքային միգրանտներին թիրախավորելը խիստ անընդունելի է: Իսկ տուբերկուլոզի հայտնաբերման և բուժման մասին վկայում են ցուցանիշները»,- ասել է նա։
Ավանեսյանը հայտնել է, որ վերջին տարիներին տուբերկուլյոզի հայտնաբերման և մահացության ցուցանիշները նվազել են։
Սակայն հանրության շրջանում բաց է մնացել այն հարցը, թե արդյոք աշխատանքային միգրանտները սահմանված կարգով անցնում են ստուգումները մինչև աշխատանքի անցնելը գրում է Auroranews.am-ը:
Բլոգեր Մանուկյանը խոսել է Հայաստան աշխատելու նպատակով ժամանած միգրանտների, մասնավորապես՝ հնդիկների մասին՝ նրանց հասցեին հնչեցնելով պիտակավորող բնորոշումներ՝ «հոտավետ», «փնթի», «մի կերպ հայերեն խոսող»: Մանուկյանը հիշատակել է նաև «Յանդեքս» ընկերությանը՝ նշելով, որ նախընտրելի է ավելի բարձր վարձատրել հայ աշխատողներին, հատկապես բարձր գործազրկության պայմաններում։ Նա նաև մտահոգություն է հայտնել միգրանտների շրջանում տուբերկուլյոզի հնարավոր տարածվածության վերաբերյալ։