
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինծառայողների կողմից գլխատված հայ զինվոր Հ.Թ.-ի և այլք ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը։
Պատասխանող պետությունը՝ Ադրբեջանը, պետք է հատուցում վճարի 3 ամսվա ընթացքում:
ՄԻԵԴ-ից հայտնել են, որ գործը վերաբերում է հայ ընտանիքի այն պնդմանը, ըստ որի՝ իրենց որդուն և եղբորը՝ զինվոր Հ.Թ.-ին, 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած ռազմական բախումների ընթացքում ենթարկել են խոշտանգումների և գլխատել են այն տարածքներում, որոնք այդ ժամանակ գտնվում էին չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» վերահսկողության ներքո, հայտնում է Panorama.am-ը:
Չորս օր անց՝ 2016 թվականի ապրիլի 5-ին, հրադադար է հաստատվել, որից հետո հայտնաբերվել են հակամարտության երկու կողմերի զոհված զինծառայողների մարմինները։ Ըստ հաղորդումների՝ որոշ մարմիններ վերադարձվել են խեղված վիճակում՝ առանց գլուխների, ձեռքերի կամ ականջի բլթակների։ Նմանատիպ փաստերով ևս 21 դիմում ներկայում գտնվում է քննության փուլում։
Այս գործով դիմողները՝ Վ.Թ.-ն, Լ.Վ.-ն և Ա.Գ.-ն, Հ.Թ.-ի ծնողներն ու քույրն են։ Վերջինս ծառայել է որպես «ԼՂՀ» բանակի մայոր։ Նրա մարմինը հայտնաբերվել է Ադրբեջանի և «ԼՂՀ»-ի միջև շփման գծի մերձակայքում՝ Թալիշ գյուղի մոտ։ «ԼՂՀ»-ի իշխանությունների իրականացրած քննության և հայ դատաբժշկական փորձագետի եզրակացության համաձայն՝ Հ.Թ.-ն ծանր վիրավորվել է իր ռազմական բեռնատարի վրա հարձակման հետևանքով, իսկ կենդանի լինելու ընթացքում կտրել են նրա ձեռքերը, այնուհետև գլուխը։
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի հիմքով դիմողները պնդել են, որ Հ.Թ.-ն արդեն անպաշտպան վիճակում էր և շարքից դուրս զինծառայող էր, երբ հայտնվել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, իսկ նրա սպանությունն ու մարմնի խեղումը եղել են անօրինական և չարդարացված։
Դիմողները հղում են կատարել նաև 3-րդ հոդվածին՝ խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքին, ինչպես նաև 8-րդ հոդվածին՝ անձնական և ընտանեկան կյանքի հարգանքի իրավունքին։ Նրանք պնդել են, որ Հ.Թ.-ն մինչև սպանվելը խոշտանգումների է ենթարկվել, իսկ ընտանիքը չի կարողացել վերականգնել նրա մարմնի բոլոր մասերը և կազմակերպել լիարժեք հուղարկավորություն, ինչի հետևանքով կրել է ծանր հոգեկան տառապանքներ։ Նրանք նաև վկայակոչել են 13-րդ և 14-րդ հոդվածները։
ՄԻԵԴ-ը արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի՝ 2-րդ հոդվածի խախտում, 3-րդ հոդվածի խախտում՝ Հ.Թ.-ի նկատմամբ կատարված խոշտանգումների առնչությամբ, 3-րդ հոդվածի խախտում՝ դիմողների կրած անձնական տառապանքների առնչությամբ։
Դատարանը նաև անդրադարձել է արդարացի փոխհատուցման հարցին՝ սահմանելով, որ պատասխանող պետությունը՝ Ադրբեջանը, պետք է վճարի հետևյալ գումարները՝ վճռի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում․
ոչ նյութական վնասի հատուցում՝ 60 հազար եվրո՝ համատեղ առաջին երկու դիմողներին, և 30 հազար եվրո՝ երրորդ դիմողին, դատական և այլ ծախսերի փոխհատուցում՝ 14,210 եվրո։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը, արձագանքելով այս որոշմանը, նշել է. «Վերջապես, 10 տարի անց, ՄԻԵԴ-ը հրապարակեց վճիռ Ապրիլյանի ընթացքում սպանված և գլխատված հայ զինծառայողներից մեկի գործով»։
Նա նշել է, որ դատարանը խախտում է ճանաչել և՛ կյանքի իրավունքի առումով՝ գտնելով, որ ադրբեջանցիները սպանել են վիրավոր հայ զինծառայողի, ով այդ պահին արդեն շարքից դուրս էր, և՛ գլխատման ու տանջամահ լինելու մասին իմացած ընտանիքի ապրումները, ինչպես նաև այդ պատճառով պատշաճ հուղարկավորություն անելու անհնարինությունը համարել է նվաստացող վերաբերմունք։
«Այս գործերով ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ չի ներկայացրել, զբաղվել են մի խումբ իրավապաշտպաններ՝ Արա Ղազարյանը, Հայկուհի Հարությունյանը, Հասմիկ Հարությունյանը և Արաքս Մելքոնյանը»,-ասվում է գրառման մեջ: